Այս շաբաթ մենք աղոթում ենք
Թավրիզի ոստիկանապետ
Մերաթ Սուլթանի ժառանգության վերաբերյալ
Մերաթ Սուլթանը ծնվել է Իրանի շահի պալատում՝ 1876 թվականին։ Նա դարձավ ոստիկանապետ և բանակի հրամանատար Թավրիզում՝ Իրանում։ Երբ ռուսները ներխուժեցին և գրավեցին այդ տարածքը, նրանք որոշեցին մահապատժի ենթարկել Սուլթանին։ Նա փախուստի դիմեց, սակայն առատ ձյան պատճառով կանգ առավ մի հայ քահանայի տանը։ Այդ քահանան 40 օր ապաստան տվեց և կերակրեց նրան։
Երբ Սուլթանը որոշեց, որ պետք է շարունակի իր փախուստն իրեն հետապնդողներից, այդ քահանան ասաց նրան, որ նրա կեցության ընթացքում ինքն աղոթում էր նրա պաշտպանության և ապահով կերպով իր ընտանիք վերադառնալու համար։ Այնուհետև քահանան խնդրեց նրան խոստանալ, որ եթե ինքն ապահով տուն վերադառնա, ապա հետևի Քրիստոսին՝ որպես իր Փրկչի։ Սուլթանը խոստացավ և հեռացավ։
Բայց Սուլթանը բռնվեց ռուսական զինվորների կողմից և բանտարկվեց՝ սպասելով իր մահապատժին։ Այն առավոտ, երբ նրան պետք է մահապատժի ենթարկեին, նա հանկարծ հիշեց իր խոստումը։ Եվ անմիջապես աղոթեց Տիրոջը․«Հիսուս Քրիստո՛ս, եթե Դու կենդանի ես այսօր, և եթե Դու մեղավոր մարդկանց Փրկիչն ես, ազատի՛ր ինձ՝ մեղավորիս, այս փորձանքից, որ կարողանամ հավատալ Քեզ»։
Ռուսական կառավարությունը հրաշքով ազատ արձակեց Սուլթանին։ Երբ նա տուն հասավ, ընտանիքի հետ միասին նվիրեցին իրենց սրտերը Քրիստոսին։ Հետագայում նա ընտրվեց որպես իր շրջանի եկեղեցու ղեկավար, որը մեծ պատիվ է իսլամից դարձի եկածի համար[1]։
Աղոթք
Տե՛ր Հիսուս Քրիստոս, մեղավորների Փրկիչ, նեղյալներին Ազատող և անօգնականների Պաշտպան, շնորհակալությո՛ւն Քո մեծ զորության համար։ Շնորհակալությո՛ւն, որ գթասրտություն և ողորմություն ցուցաբերեցիր Սուլթանին և հավատքի զորությամբ բերեցիր նրան, նրա կնոջը և վեց երեխաներին Քո Թագավորության մեջ։
Շնորհակալությո՛ւն, որ օգնեցիր նրան ծառայել Քեզ՝ անվախ և պատվով, խիզախորեն քարոզելով Ավետարանը եկեղեցիներում և բացօթյա հավաքույթներին։
Հավատքով մենք հռչակում ենք, որ Քո Հոգին կառաջնորդի Սուլթանի պես բազմաթիվ մուսուլման պաշտոնյաների փրկություն ստանալու՝ Հիսուսի հանդեպ հավատքի միջոցով։ Թող որ նրանք խիզախորեն ազդարարեն Քո Խոսքը և անկեղծորեն ծառայեն եկեղեցում։ Հիսուսի անունով։ Ամե՛ն։
Խոստում
«Որովհետև ջուր պիտի թափեմ ծարավի վրա և հեղեղներ՝ չորության վրա» (Եսայի 44.3):
[1] Ք․Հ․ Ալլեն, «Ինչո՞ւ մուսուլման պաշտոնյան փոխեց իր կրոնը», «Մուսուլմանական աշխարհը» հանդես, 1952, էջեր 176-184, և Վ․Մ․ Միլլեր, «Պարսկաստանի պատմությունները», 1979, էջեր 76-80։